Թիրախավորելով եկեղեցուն՝ իշխանական թիմը թիրախավորում է եկեղեցու զավակներին. Արթուր Վանեցյան
Քաղաքական
14:11 15/06/2025
Հայաստան

Թիրախավորելով եկեղեցուն՝ իշխանական թիմը թիրախավորում է եկեղեցու զավակներին. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Hraparak.am-ին տված հարցազրույցում անթուլատրելի է համարել Նիկոլ Փաշինյանի հարձակումը եկեղեցու և Հայոց Կաթողիկոսի վրա։

Հարց-Դուք ուղիղ քաղաքական պատվե՞ր եք տեսնում Փաշինյանի մոտեցումներում։

Ա.Վանեցյան- Ես դեռ միայն խոսում եմ այն մասին, թե ինչու՞ չի կարելի հանրային տիրույթում քննարկել եկեղեցու և եկեղեցականների մասին Փաշինյանի առաջ բերած օրակարգերը։ Շարունակեմ։ Նրա հարցադրումները չպիտի քննարկվեն, քանի որ Նիկոլի հակաեկեղեցական հայտարարություններն ու ջղաձիգ պոռթկումները վրդովվեցնում և վիրավորում են հազարավոր մարդկանց կրոնական և բարոյական զգացմունքները։ Թիրախավորելով եկեղեցուն՝ իշխանական թիմը թիրախավորում է եկեղեցու զավակներին, փորձում ներքաշել նրանց անպտուղ, վիրավորական և վարկաբեկիչ քննարկումների մեջ, նոր բաժանարար գծեր անցկացնել՝ մարդկանց դարձնելով կեղտոտ հորինվածքի մաս և զոհ։

Այս հարցը քննարկելի չէ, որովհետև նաև կան հարցեր, որոնց միակ նպատակը արժեքների, սրբությունների վիրավորանքն է ու հայհոյանքը, իսկ հայհոյանքին պատասխանում են կամ ներողամտությամբ` եթե հայհոյողը զղջում է, կամ էլ բռունցքով, որ ստիպի հայհոյողին զղջալ։

Ի վերջո, կան հարցեր, որոնք պարզապես քննարկելի չեն։ Ինչպես, օրինակ, քննարկելի չէ մարդու հավատքն առ Աստված։ Մարդը հավատում է և վերջ։ Ի՞նչը քննարկես։ Եվ ինչու՞։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder